Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոց տանող գլխավոր մուտքն արդեն երկար տարիներ ծառայում է՝ որպես զուգարան:
Ականատեսների խոսքով, տարածքում աշխատող տղամարդիկ են կիսաքանդ աստիճանները դարձրել զուգարան: Վարդենիսցիների ասածն ավելի համոզիչ է դառնում, երբ որոշում ես աստիճանների մոտ մի քանի վայրկյան կանգնել. սարսափելի գարշահոտություն է:


«Սա էլ քիչ է, երեխեքը դասին նստած են, մեկ էլ կարող են տեսնել միզող տղամարդկանց: Բազմիցս դիմել ենք, որ աստիճանները վերանորոգեն, այս ամենն էլ վերացնեն այստեղից, բայց ապարդյուն»,- ասում է անցորդներից մեկը:
Գարշահոտությանը ձմռան ամիսներին գումարվում է սառույցը եւ երեխաներն ու ուսուցիչները նույնիսկ ռիսկ չեն անում օգտվել աստիճաններից: Թերեւս սա է պատճառը, որ դպրոցի տարածքի ցանկապատից մի փոքր հատված կոտրել են ու ճանապարհ բացել դեպի դպրոց:


Դպրոցն առաջին հայացքից բավականին բարվոք է թվում, գոնե պատերն այցելուի վրա նման տպավորություն են թողնում: Սակայն հենց ոտքը դնում ես ներս, պատկերը լրիվ փոխվում է: 1970-ական թվականներին կառուցված այս շենքի միջանցքներում քայլելն անգամ դժվար է:


«Ճիշտ է՝ դրսից որ մտնում եք ներս, մի փոքր անհրապույր է, պատճառը միջանցքներն են, դասասենյակները կամաց- կամաց վերանորոգում ենք, արդեն 3-րդ տարին է, որ ամեն անգամ մի քանի դասասենյակ վերանորոգում ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Սոֆիա Խլոյանը:
Դպրոցի տնօրենը հույս հայտնեց նաեւ, որ առաջիկայում ջեռուցման հարցն էլ կլուծվի: Նշենք, որ Վարդենիսի բոլոր դպրոցները «սալյարկայով» են ջեռուցվում, այն էլ միայն դասասենյակները: Թե երբ դպրոցի գլխավոր մուտքի աստիճանները կվերանորոգվեն եւ տարածքն այլեւս որպես զուգարան չի գործի, հստակ պատասխան չկա:
Նշենք, որ այս դպրոցը քաղաքի ամենամեծ հիմնական դպրոցն է: Այս տարի շուրջ 85 երեխա առաջին դասարան է այստեղ հաճախում:



























