Հայաստանում մինչեւ այսօր կիրառվում է դասավանդման խորհրդային մեթոդիկան: Սեպտեմբերի 1-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ դրա հետեւանքով հայկական կրթական համակարգը սաստիկ տուժում է:
«Համակարգը փոխվել է, բայց մտածելակերպը նախկինն է մնացել: Միակ բանը, որը խորհրդային կրթական համակարգում դրական էր, այն էր, որ Խորհրդային Միությունում կար կոնկրետ գաղափարախոսություն՝ անկախ այն հանգամանքից, թե մենք դրան ինչպես ենք վերաբերվում: Սակայն այն տարիներին, կրթության պետական համակարգը իր կոնկրետ տեղն ուներ»,- պարզաբանեց փորձագետը:
Խաչատրյանը միաժամանակ նշեց, որ խորհրդային կրթական համակարգում ուսուցիչներն ավելի հեշտ էին աշխատում: «Նրանք հստակ գիտեին իրենցից ինչ է պահանջվում: Երկրորդ՝ այն տարիներին ուսուցիչներն իսկապես հեղինակություն ունեին: Նրանք իսկապես կարող էին երեխաներին իենց առարկան սովորեցնել»,- ընդգծեց փորձագետը՝ հավելելով, որ ներկայումս այս ամենը վերացել է:
Փորձագետը հայտարարեց, որ ինքը չի հասկանում, թե ուր է շարժվում Հայաստանի կրթական համակարգը, եւ վերջնարդյունքում դա ինչ արդյունքներ կունենա:
«Հիմա կրթական համակարգում այնպիսի անորոշություն է տիրում, որ նման պայմաններում ուսուցիչը չի հասկանում կոնկրետ ինչ պետք է անի: Որովհետեւ 1000 տեղից նրան են ուղարկում զանազան հրահանգներ, եւ նա պարզապես տեսլականն է կորցնում»,- պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ժամանակակից իրողությունները հաշվի առնելով՝ ուսուցիչները կորցրել են իրենց հեղինակությունը, եւ որ պետությունը նրանց նկատմամբ սխալ քաղաքականություն է վարել:




























