Վիետնամի ազգային տեքստիլի ու կարողների խմբի (Vinatex) պատվիրակությունը օգոստոսի վերջին ճանաչողական այցելություն է կատարել Հայաստան՝ գործընկերներ որոնելու ու արտադրական նախագծեր մշակելու համար։ Այս մասին հայտնում է Vietnam Plus կայքը։
Vinatex-ի գլխավոր տնօրեն Լե Տյեն Տրուոնգը նշել է, որ այցելության ընթացքում խմբի ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել Հայաստանի պաշտոնատար դեմքերի ու Երեւանի խոշոր ընկերություններից մի քանիսի հետ։
Նա շեշտել է, որ Vinatex-ը դիտարկելու է Հայաստանի խոշոր ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները, որոնք արդեն Ռուսաստանում ու ԵՄ-ում արտադրանքի բաշխման ցանց ունեն։ Սկզբնական փուլում խումբը հիմնականում աջակցելու է հաստոցների ու արտադրության կառավարմանը։
Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ցանկություն են հայտնել համագործակցել արտադրության կառավարման մեծ փորձ ունեցող խոշոր ընկերությունների՝ օրինակ Vinatex-ի հետ, որպեսզի աշխուժացնեն տեղական կարի արտադրությունն ու ավելացնեն արտահանումը։ Կառավարությունում նաեւ խոստացել են համագործակցության քաղաքականության շրջանակում ստեղծել բարենպաստ պայմաններ՝ օտարերկրյա ներդրողների համար ու տրամադրել հատուկ մեխանիզմներ վիետնամական ներդրողների համար՝ այդ թվում օգնել վիզաներ ստանալու հարցում։
Վիետնամն առաջին երկիրն է, որը ԵՏՄ-ի հետ ստորագրել է ազատ առեւտրի մասին համաձայնագիր։



























