Կորեայի հանրապետության իշխող կուսակցության ղեկավարն առաջարկել է հատուկ դեսպաններ ուղարկել ԱՄՆ ու ԿԺԴՀ՝ Կորեական թերակղզու միջուկային խնդիրները կարգավորելու համար, հայտնում է «Սինհուան»։

«Տոբուրո» դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չու Մի Էն խորհրդարանի լիագումար նստաշրջանի ժամանակ հայտնել է, որ կառավարությունը երբեք չպետք է դադարեցնի կամ հրաժարվի երկխոսությանն ուղղված ջանքերից։ Այն պետք է կանխի թերակղզում պատերազմի ցանկացած բռնկում։

Նրա խոսքով՝ հարավկորեական կառավարությունը պետք է հնարավորության սահմաններում աջակցի ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ միջեւ երկխոսության անցկացմանը։

Վճռականորեն դատապարտելով ԿԺԴՀ միջուկային փորձարկումը՝ Չու Մի Էն հայտնել է, որ կառավարությունն ու իշխող կուսակցությունը կոշտ քայլեր կձեռնարկեն՝ «ԿԺԴՀ անպատասխանատու սադրանքներին» ի պատասխան։ Սակայն նա հաստատել է երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը, նշելով, որ պետք է մշտապես ձգտել երկխոսության ու խաղաղ քայլերի՝ ցանկացած հանգամանքներում ցանկացած պատերազմ կանխելու համար։