Չինաստանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ դադարեցնել ԱՄՆ առեւտուրն այն երկրների հետ, որոնք առեւտուր են իրականացնւոմ Հյուսիսային Կորեայի հետ, հայտնում է AP-ն։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը անարդարացի է անվանել Պեկինի նկատմամբ Թրամփի դիրքորոշումը։
«Մեզ համար անընդունելի է այն, որ մի կողմից մենք այսքան շատ ենք աշխատում, որպեսզի խաղաղ լուծենք այս հարցը, իսկ մյուս կողմից՝ մեր շահերը պատժամիջոցների առարկա են դարձել»,- ասել է Գենը։
Պատասխանելով այն հարցին, արդյոք ՉԺՀ-ն կաջակցի ՄԱԿ-ի ավելի կոշտ պտժամիջոցները, օրինակ Հյուսիսային Կորեա նավթի մատակարարումների դադարեցումը, Գենը չի հիշատակել նավթի մասին, սակայն ասել է, որ ամեն ինչ կախված է լինելու ՄԱԿ ԱԽ անդամների միջեւ քննարկումներից։ Նա հիշեցրել է, որ Չինաստանը վետոյի իրավունք ունի, բայց գործելու է «պատասխանատու ու կառուցողական»։
«Մենք շարունակում ենք շեշտել ,որ չի կարելի բացառապես Չինաստանին ապավինել այս խնդրի լուծման հարցում»,- ասել է Գենը։ «Մեզ պետք է, որպեսզի բոլոր կողմերը նույն ուղղությամբ աշխատեն»։




























