Սեուլն ու Վաշինգթոնը պայմանավորվել են վերացնել Հարավային Կորեայի հրթիռների համար մարտագլխիկների քաշի սահմանափակումները։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի նախագահներ Մուն Ջեինի ու Դոնալդ Թրամփի զրույցի ընթացքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի միջեւ գործող համաձայնագրի՝ հարավկորեական հրթիռների համար մարտագլխիկների քաշը կազմում է 500 կգ։ Համաձայնագիրը, որը վերջին անգամ երկարացվել է 2012-ին, գտնվում է վերանայման ընթացքում։ Ավելի ծանր մարտագլխիկները Սեուլին թույլ կտան ուժեղ հարված հասցնել Հյուսիսին՝ ռազմական հակամարտության դեպքում։ Սակայն թռիչքի հեռահարության սահմանափակումը, որը կազմում է 800 կմ, չի վերացվել։ Համենայն դեպս մամուլի ծառայության հաղորդագրության մեջ այս մասին չի հիշատակվում։ Մունն ու Թրամփը նաեւ պայմանավորվել են խստացնել պատժամիջոցները ու ուժեղացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա ՄԱԿ-ի միջոցով։