Սիրիայում ահաբեկիչների հետ կապված իրավիճակը հիմնականում լուծված է, սակայն տվյալ խնդրի ամբողջական լուծման համար դեռ երկար ճանապարհ է պետք անցնել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին- Ռաեւսկին։
Նրա խոսքով՝ ահաբեկիչների մի մասը, ամենայն հավանականությամբ, ընդհատակ է անցել ու դա բացառել չարժե։
«Քաղաքացիական պատերազմը մնում է քաղաքացիական պատերազմ։ Դիմադրությունը դադարեցրած զինյալների մասը կարող է նորից զենքը ձեռքը վերցնել ու շարունակել դիմադրությունը։ Դա չի կարելի բացառել։ Համապատասխանաբար պայքարը շարունակվելու է բոլորովին այլ հողի վրա»,- պարզաբանել է փորձագետը՝ հավելելով, որ նման գործընթացները կարող են բավականին երկար տեւել։
Տվյալ խնդրի վերջնական լուծումը, քաղաքագետի կարծիքով, կախված է նրանից, թե որքանով հաջող սիրիական իշխանություններն ու կառավարությունը կկարողանան սոցիալիզացնել զենքը վայր դրած զինյալներին։ Ընդ որում նա նշեց, որ այդ գործընթացը կարող է շատ երկարատեւ լինել։




























