ԵԽԽՎ շրջանակում ստեղծվել է խումբ, որն ընդգրկում է Ադրբեջանի, Իսպանիայի, Թուրքիայի, Սերբիայի, Իտալիայի ներկայացուցիչներին։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, հավելելով, որ խումբը կազմված է 23 անդամներից, իսկ ղեկավարը իտալացի պատգամավոր Ադել Գամբարոն է։

Նրա խոսքով՝ այս խմբի ստեղծումը որեւէ հետեւանք չի ունենա հայկական կողմի համար։ «Կարծում եմ, չափազանց վաղ է դիտարկել այս խմբի ստեղծումը Հայաստանի շահերի համատեքստում։ Սկսենք նրանից, որ այս խումբը որեւէ իրավունք չունի, չունի որեւէ տեղ հանձնաժողովներում, քաղաքական խմբերում ու չունի նաեւ համապատասխան ֆինանսավորում։ Դա նշանակում է, որ խումբը ֆինանսավորում կստանա միայն 2018-ից հետո»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը։ Բայց խմբի գործունեության ժամկետներին վերաբերող հարցը, ըստ Հովհաննիսյանի, ուղարկվել է կանոնակարգերի հանձնաժողով, դրա ստեղծման ժամկետները ճշգրտելու նպատակով։