ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Կորեական թերակղզու շուրջ իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցություններում։

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան միակ երկիրն է, որը խախտում է միջուկային պայթյունների փորձարկումների արգելքը։ Նա նորից Փհենյանին կոչ է արել հրաժարվել նման գործողություններից ու պահպանել ԱԽ համապատասխան բանաձեւերը։ Նա հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի գործողությունները ապակայունացնում են տարածաշրջանային ու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Գուտերեշը այդ երկրի իշխանություններին կոչ է արել չվտանգել միլիոնավոր մարդկանց կյանքերը։

Գուտերեշը ողջունել է Հյուսիսային Կորեային վերաբերող հարցում ԱԽ անդամների համերաշխությունը, որը դրեւորվել է երեկվա նիստի ժամանակ։

«Ես ոչ մի որոշակի լուծում չեմ առաջարկում, ես կոչ եմ անում միավորվել ու հասկացնել ԿԺԴՀ-ին, որ Կորեական թերակղզում միջուկային զինաթափումը հնարավոր է միայն բանակցությունների ուղով- ասել է ՄԱԿ –ի ղեկավարը,- Ես գիտեմ, որ ՄԱԿ-ը ազդեցության հզոր լծակներ չունի, մեր հնարավորությունները սահմանափակ են, բայց ես կողմերին հայտնել եմ, որ կարող են ամբողջովին ապավինել ինձ։ Ես ընդունում եմ, որ վճռորոշ նշանակություն ունի ԱԽ համերաշխությունն ու ԿԺԴՀ-ի հարցում միասնական ռազմավարություն մշակելու հինգ պետությունների ունակությունը»,- ասել է Գուտերեշը։