ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համակարծիք են, որ Հյուսիսային Կորեան «սպառնում է համաշխարհային խաղաղությանը»։ Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն ու Մեյը նշել են Փհենյանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ ու Չինաստանի կողմից ավելի մեծ ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Դաունինգ սթրիթի հաղորդագրության մեջ։

Թերեզա Մեյը շեշտել է, որ Հյուսիսային Կորեան սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար ու միջազգային համայնքը պետք է հստակ ազդանշաններ ուղարկի այն մասին, որ նման անպատասխանատու ու սադրիչ գործողությունները պետք է դադարեցվեն։ Նա նշել է, որ Լոնդոնը կաշխատի Վաշինգթոնի ու միջազգային գործընկերների հետ՝ Հյուսիսային Կորեայի վրա ճնշումն ավելացնելու ուղղությամբ։

Կողմերը նշել են նաեւ, որ Չինաստանը պետք է այս հարցում առանցքային դերակատարում ունենա՝ օգտագործելով իր բոլոր լծակները, որպեսզի ստիպի Փհենյանին հրաժարվել իր ապօրինի գործողություններից։