Սեպտեմբերի 7-ին Տալինում անցկացվել են կիբերհարձակմանն արձագանքելու առաջին վարժանքները ԵՄ երկրների պաշտպանության նախարարների համար, հայտնում է DW-ը։
Պարապմունքների ժամանակ մոդելավորվել է հարձակում Հռոմում ԵՄ ռազմական շտաբի համակարգիչների վրա։ Զորավարժությունների նպատակն էր ցույց տալ նման իրավիճակում գործողությունների տարբերակները ու շեշտել այս թեմայի նշանակությունը։
Գերմանիայի ՊՆ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ դրանք «ուսանելի վարժանքներ» էին, որոնք ցույց էին տալիս ԵՄ ներսում գործողությունների համակարգման կարեւորությունը։
Ֆոն դեր Լյայենը նշել է նաեւ կիբերհարձակումների ու ավանդական զենքով հարձակումների տարբերությունը․ «Հակառակորդին ծայրահեղ բարդ է նույնականացնելը։ Հարձակումն անցնում է հանգիստ, աննկատ, բայց դրա ամբողջ հզորությունը զգացվում է, երբ դրսեւորվում է դրա ամբողջական ներգործությունը»։



























