Չինացի մասնագետները ճառագայթման մակարդակի բարձրացում են գրանցել այն շրջաններում, որոնք մոտ են ԿԺԴՀ-ի կողմից ենթադրյալ ջրածնային ռումբի փորձարկումների անցկացման վայրին, հայտնում է South China Morning Post-ը։

Մոնիտորինգային կայանները գրանցել են ճառագայթման մակարդակի բարձրացման միտում Չանբայ-Կորեական ինքնավար վարչաշրջանում, որը սահմանակից է Հյուսիսային Կորեային։ Սեպտեմբերի 3-5-ը ճառագայթման մակարդակն ավելացել էր, փորձարկումների ժամանակ այն կազմել էր 108․6 նանոգրեյ։ Առավելագույն նիշը գրանցվել է սեպտեմբերի 6-ի առավոտյան՝ հասնելով 112․5 նանոգրեյի։

Մինչդեռ փորձագետները կարծում են, որ դեռ վաղ է եզրակացություններ անել ենթադրյալ ջերմամիջուկային զենքի փորձարկումների ու ճառագայթման մակարդակի բարձրացման կապի մասին։ Բնական ֆոնի 20 նանոգրեյի սահմանում տատանումը թույլատրելի է ու կարող է բնական պատճառներով բացատրվել։