Վերջին երկու շաբաթներին ռոհինջա ազգության մոտ 270 հազար մարդ է Բանգլադեշից Մյանմար ժամանել, հայտնում է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը։
Նրանք բոլորը փախել են Ռակհայն նահանգում սկսված բռնություններից։ Մյանմարից Բանգլադեշ փախստականների հոսքն օրեցօր ավելանում է։ Նրանք բոլորը միջազգային պաշտպանության կարիք ունեն։ Միայն չորեքշաբթի սահմանը հատել է 300 նավ՝ փախստականներով։
Մյանմարից եկած փախստականների մեծ մասն ապրում է երկու ճամբարներում՝ Բանգլադեշի հարավ- արեւմուտքում։ Բայց հիմա այդ ճամբարներն արդեն գերբնակեցված են։ Նոր ժամանածները ստիպված են տեղավորվել իմպրովիզացված բնակավայրերում։
Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով՝ այսօրվա դրությամբ 130 հազար մյանմարցիներ ապրում են փախստականների համար ճամբարներում։ Մոտ 90 հազարն ապաստան են գտել բանգլադեշյան ընտանիքներում։ Եւս մոտ 50 հազարը՝ այլ իմպրովիզացված բնակավայրերում։
ՄՄԿ ղեկավարությունը հայտնել է, որ մեկ միլիոն դոլար է հատկացնում իր արտակարգ ֆոնդից՝ Բանգլադեշ տեղափոխված փախստականներին օգնելու համար։ Երեկ այդ նույն նպատակի համար ՄԱԿ Կենտրոնական հիմնադրամը յոթ մլն դոլար է հատկացրել։




























