Դեկտեմբերի 9-ին ՀՅԴ կազմակերպած «Ժողովրդավարության մարտահրավերներ» խորհրդաժողովն ամբողջությամբ նվիրվելու է ժողովրդավարության մարտահրավերներին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:

«Մենք կգնահատենք ստեղծված իրավիճակը եւ կխոսենք ժողովրդավարության հետ կապված մեր կոնկրետ անելիքներից: Եվ ամենակարեւորը երրորդ մասը՝ վերաբերում է ՀՅԴ-ի գաղափարախոսության մեջ ժողովրդավարության տեղին եւ դերին»,- ասաց նա, հավելելով, որ ՀՅԴ-ն, որպես ազգային գաղափարախոսություն դավանող ուժ, գտնում է, որ երկիրը պետք է զարգանա չզիջելով:

«Այս կապակցությամբ որոշակի բանավեճ կա քաղաքական շրջանակներում: Մեր կարծիքով, հենց չզիջելու համար զարգանալը կարեւոր նշանակություն ունի: Դրա կարեւոր բաղադրիչը համաժողովրդական ներուժի կուտակումն է եւ արդյունավետ օգտագործումը, որի պարագայում մենք կարող ենք իսկապես զարգացման լուրջ կարողություն ձեռք բերել»,- ընդգծեց Ռուստամյան:

«Պետությունը պետք է լինի ազգային, իշխանությունները` ժողովրդավարական:

Այս միջավայրը ձեւավորելու խնդիրն է, որ կանգնած է մեր առջեւ: Հայաստանում, ցավոք, նման միջավայր չկա»,- ասաց դաշնակցական գործիչը:

Այնուհետեւ անդրադառնալով ժողովրդավարության առումով խորհրդարանի դերին, նա ասաց. «Ներկայացուցչական ժողովրդավարությունը դա խորհրդարանն է, իսկ մեր խորհրդարանը չի ներկայացնում իրական իրավիճակը: Խորհրդարանը ոչ թե թույլ է, այլ պարզապես անկարող է գործադրի մոտ: Եթե տեսնենք, թե որքան օրենսդրական նախաձեռնություններ են ծնվում ԱԺ-ում, եւ որքանն է բերվում կառավարությունից, մեկը տասի է: 25-30 տոկոսից չի անցնում այն պատգամավորների քանակը, ովքեր զբաղվում են օրենսդրական գործեւնեությամբ, իսկ սա խայտառակ ցուցանիշ է»:

Ռուստամյանի ներկայացմամբ, Հայաստանում մասնակցային ժողովրդավարություն չկա, երբ ժողովուրդը պետք է ազդի երկրի ճակատագրի վրա:

«Պոռթկումներ են լինում ընտրություններից ընտրություն եւ հաղթողը տանում է ամեն ինչ»,- ամփոփեց նա: