Հայաստանում ժողովրդավարության խաթարման պատճառները երկուսն են. Նախ ընտրություններ մեզանում երբեք չեն անցկացվել այն նորմերի համապատասխան, որ պահանջում միջազգային իրավունքը եւ երկրորդ. Հայաստանում ինստիտուցիոնալ կառույցներ շատ թույլ են, եթե անգամ դրանք կան: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:
«Հենց դա է պատճառը, որ այնքան ենք շեղվել ժողովրդավարությունից, որ դրա անվան տակ իր դիրքերն է ամրապնդել պլուտոկրատիան՝ հարուստների իշխանությունը»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով, երկրում այսօր ստեղծվել է ներհասարակական ճգնաժամի լուրջ վտանգ, որը կարող է օր օրի խորանալ: «Սա չի կարող մի տեղ չպայթել: Իրավական մակարդակում մենք ունենք մի վիճակ, երբ կա դե յուրե ամրագրված կարգ, բայց իրականում գոյություն ունի այլ` չգրված օրենքներով, արատավոր դրսեւորումներով գործող կարգ, որի դեմն առնելու որեւէ միջոց Հայաստանում չի կիրառվում»,- նշեց դաշնակցական գործիչը:

«Մեր աչքի առաջ երկիրը երկատել են. Մի կողմից կա փոքրամասնության պետություն, որտեղ  արտոնյալների խավ են ստեղծել , որն այնքան է արտոնյալ, որ կարող է օրենքներ գրել իր համար ու օրենքներ խախտել: Եվ կա մեծամասնության պետություն, որին անտերության են մատնել»,- կարծիք հայտնեց Ռուստամյանը, նշելով, որ ստեղծվել է արատավոր  պետություն-իշխանություն-կուսակցություն միավորումը: Նրա ներկայացմամբ, կա իշխանության եւ բիզնեսի սերտաճում եւ մենաշնորհի ձեւավորում, ինչը հանգեցրել է իշխանություններից օտարման եւ որպես հետեւանք՝ արտագաղթի: