ԵԱՀԿ դերը ղարաբաղյան կարգավորման մեջ կայանում է Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացին աջակցելու մեջ: Չնայած բազմաթիվ ծրագրերին, հանդիպումներին եւ հայտարարություններին 15 տարվա ընթացքում որեւէ զգալի քայլ չի արվել խաղաղ պայմանագրի ուղղությամբ: Այդ մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան, Հյուսիսային Դակոտայի պետական համալսարանի դոցենտ Թոմաս Ամբրոսիոն:
Նրա խոսքով, հիմնական խնդիրը կայանալու է նրանում, որ ղարաբաղյան կարգավորման գլխավոր տարրերը հակասական են:
«Շատերը կարող են կարծել, որ առայժմ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցություններ են վարում իրար հետ, ուստի չեն մարտնչում, եւ միայն մեկ գործոն է հիմք ստեղծում գործընթացի շարունակման համար: Դա, իհարկե, լավ է, բայց պետք չէ ակնկալել որեւէ առաջընթաց»,- հայտարարել է նա:
Ամբրոսիոն նկատել է, որ կողմերը չեն կարող ընդունել Հելսինկյան սկզբունքներից յուրաքանչյուրն առանձին վերցրած: «Ադրբեջանցիները տարածքային ամբողջականությունն ընկալում են ճիշտ այնպես, ինչպես հայերն ինքնորոշման իրավունքն ընկալում են որպես անկախության իրավունք: Եթե հաշվի առնենք ներկայիս դիրքորոշումներն ու հետաքրքրությունները, հստակ կլինի, որ հակամարտության կարգավորումը ցանկացած եղանակով էլ անընդունելի կլինի կողմերից որեւէ մեկի համար»,- ասել է նա:





























