Հայաստանի խորհրդարանը որոշում չի կայացրել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ, որը ներկայացրել էր «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը: Կառավարող կոալիցիան, որը բազմիցս հայտարարել էր տվյալ պահին հարցի քննարկման աննպատակահարմարության մասին, չի մասնակցել քվեարկությանը:

Այսկերպ, քվորում չի ապահովվել եւ որոշումը չի ընդունվել: Օրինագծին կողմ են քվեարկել ընդամենը 13 պատգամավորներ: Դեմ եւ ձեռնպահներ չեն եղել: Օրինագծի կողմնակիցների շարքում են «Ժառանգության» 7 պատգամավորները, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանն ու ՀՅԴ խմբակցության 5 պատգամավորները, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Մինչեւ քվեարկությունը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ էր արել իր գործընկերներին՝ միանալ փաստաթղթին, քանի որ այն համազգային կարեւորություն ունի: Նրա փաստարկները, սակայն, պատգամավորներին չհամոզեցին:

Քվեարկությունից հետո ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե փաստաթղթի ընդունումը այս պահին վնաս կհասցներ բանակցային գործընթացին: «Այդ փաստաթուղթը կարելի կլինի ընդունել, երբ գա ժամանակը»,- ասել է  Շարմազանովը՝ հիշեցնելով Հայաստանի նախագահի խոսքերը Աստանայում՝ ԵԱՀԿ գագաթաժողովում, թե Երեւանը կճանաչի ԼՂՀ անկախությունը Բաքվի ագրեսիայի դեպքում:

Այդուհանդերձ, «Ժառանգությունը» պնդում է, որ օրինագծի ընդունումը հստակություն կմտցնի Ղարաբաղի բանակցություններում եւ կնպաստի հակամարտության շուտափույթ կարգավորմանը: