Միայն լայնամաստաբ ռազմական գործողության դեպքում է, որ Հայաստանը պետք է սկսի ԼՂՀ անկախության ճանաչման գործընթաց, իսկ մինչ այդ պետք է սպասի: Այս մասին դեկտեմբերի 9-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:  Նա միաժամանակ հավելեց, որ քանի դեռ գործում է ԵԱՀԿ Մինսկի խումբը ու այդ կառույցի շրջանակներում ընթանում են ԼՂ հարցով բանակցություններ,  ԼՂՀ ճանաչումը սխալ է:

«Ժառանգությունը» հետեւողականորեն գնում է այդ ճանապարհով՝ պահանջելով ԼՂՀ անկախության ճանաչում: Ուղղակի, եթե մենք ճանաչում ենք անկախությունը,  դա ավտոմատ նշանակում է ողջ բանակցային պրոցեսի քանդում, դա նշանակում է անհարգալից վերաբերմունք համանախագահների նկատմամբ»,-հայտարարեց Գրիգորյանը:  Նրա խոսքով՝ եթե Հայաստանը որոշի դեմ դուրս գալ Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին, կստանա նույն արդյունքը, ինչն ունեցավ անցյալ դարասկզբին Ղարսի պայմանագրի դեպքում:

«Ես իմ այս խոսքերի համար պատասխանատու եմ՝ եթե մենք այսպիսի քայլեր անենք, կունենք  նույն իրավիճակը, ինչը եղավ Ղարսի դեպքում: Գիտեք, որ մենք ընդհանրապես Ղարսի հետ կապված պրոբլեմ չունեինք,  պարզապես նման անմիտ քայլերը բերեցին նրան, որ Ղարսը կորցրեցինք» ,-հայտարարեց քաղաքագետը:

Հիշեցնենք,  որ  Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր,  որ եթե Ադրբեջանը շարունակի ռազմական ագրեսիան, ապա Հայաստնը կսկսի ԼՂ անկախությունը ճանաչելու գործընթաց: