Հեղինակավոր մի շարք կազմակերպությունների կողմից անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում կոռուպցիան զգալի աճ է ապրել: Դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
«Գելափի եւ նրա գործընկեր մի շարք այլ հեղինակավոր ընկերությունների կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում կոռուպցիան վերջին տարիներին աճել է՝ կազմելով շուրջ 49 տոկոս: Այսպես է կարծում հարցվածների ուղիղ կեսը,այն դեպքում, երբ կոռուպցիայի նվազման միտում տեսել է հայաստանցիների միայն 15 տոկոսը: Առավել կոռումպացված ոլորտների թվում հարցվածներն առանձնացրել են կրթության, ոստիկանության եւ դատական համակարգերը»,- ասաց Հոկտանյանը՝ ավելացնելով, որ հարցում անցած աշխարհի 85 երկրներում կրթության ոլորտը նման «պատվավոր» հորիզոնականում երբեւիցե չի հայտնվել: «Թուրքիայում, օրինակ, կրթության բնագավառը կոռումպացված կառույցների թվում գրավում է միայն երրորդ տեղը»,- նշեց կենտրոնի գործադիր տնօրենը:
Հոկտանյանը նաեւ տեղեկացրեց, որ հարցումների համաձայն՝ Հայաստանում զարմանալիորեն կրճատվել է կաշառք տվողների թիվը: «Եթե անցած տարի կաշառք է տվել հայաստանցիների 43 տոկոսը, ապա այս տարի այդ թիվն իջել է մինչեւ 22 տոկոսի: Սակայն հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ կոռուպցիայի դեմ պայքարի անկարողության մեջ իշխանություններին մեղադրում է հարցվածների 53 տոկոսը, այն դեպքում, երբ անցած տարի այսպես մտածում էր հարցվածների միայն 47 տոկոսը: Նույն կերպ կոռուպցիայի դեմ պայքարի անկարողության մեջ իշխանությունների մեղքը չի տեսնում հարցվածների միայն 27տոկոսը, այն դեպքում, երբ անցած տարի այդ թիվն ավելի մեծ էր՝ 38 տոկոս»,- ասաց նա:
Վերջում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցոին կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը առանձնահատուկ շեշետեց, որ Հայաստանում ամենակոռումպացված ոլորտները ներկայացված են հետեւյալ հերթականությամբ՝ կրթություն, դատական համակարգ, ոստիկանություն, պաշտոնատար անձինք եւ կուսակցություններ: Առողջապահության ոլորտի մասով, ըստ նրա,առանձին տվյալներ չեն ներկայացվում:





























