Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ հանձնարարական է տվել ոստիկանությանը՝ տարբերակված մոտեցում ցուցաբերել պարտադիր ավտոապահովագրության պոլիսները ստուգելիս։

Պարտադիր ապահովագրության ինստիտուտը, որ հունվարի 1-ից մտնելու է ուժի մեջ, ենթադրում է, որ այն ավտոմեքենաները, որոնք ժամանակավորապես չեն օգտագործվում, կարող են չապահովագրվել կամ ապահովագրվել այն ժամկետի համար, որի ժամանակ օգտագործվելու են։ Խոսքն առաջին հերթին համայնքներում, գյուղական շրջաններում գտնվող ավտոմեքենաների մասին է, որոնք օգտագործվում են գյուղացիների կողմից տարվա ընթացքում երկու-երեք ամիս, եւ որոնց քանակը բավականին մեծ է։

«Մենք պետք է հազարավոր գյուղացիների համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նրանք կարողանան այդ երկու-երեք ամիսների ընթացքում շահագործել իրենց ավտոտրանսպորտը եւ ապահովագրություն իրականացնել միայն այդ ժամանակահատվածի համար»,- հայտարարեց վարչապետը։

Սա նշանակում է, որ ոստիկանությունը պետք է հատուկ կարգեր սահմանի հեշտացված ծառայություն մատուցելու համար։ Ոստիկանությանը հանձնարարվում է մեկ շաբաթվա ընթացքում կառավարություն ներկայացնել համապատասխան որոշում, որտեղ հստակ նկարագրված կլինի այդ կարգը, եւ նաեւ նվազագույնի կհասցվեն այն ծախսերը, որոնք պետք է իրականացնեն գյուղացիները մեքենաները հաշվառման վերցնելու կամ հաշվառումից հանելու համար։