Հայաստանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը նշանակվել է Համահայկական բանկի գործադիր տնօրեն։ Այսօր՝ դեկտեմբերի 9-ին Վ. Ներսիսյանցը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նաեւ Համահայկական բանկի խորհրդի նախագահն է, կառավարությունում ստորագրեցին աշխատանքային պայմանագիր։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վ. Ներսիսյանցը հայտարարեց, որ Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը 100 մլն դոլար է, որից 20 մլն տրամադրվել է պետության կողմից, իսկ մնացածը կլրացվի միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ այլ մասնավոր աղբյուրներից։ Սակայն նոր տնօրենը հստակ չկարողացավ նշել, թե երբ կհաջողվի լրացնել կանոնադրական կապիտալը։ Ըստ նրա՝ շատ կարեւոր է, որ նորաստեղծ բանկը լավ համբավ ձեռք բերի։ «Վարկեր չենք տա այն ձեռնարկությանը, որը կապակցված է որեւէ պետական պաշտոնյայի կամ նրա ընտանիքի հետ»,- ասաց Վ. Ներսիսյանցը։
Բանկի հիմնական նպատակն է լինելու աջակցել արտահանմանը։ Սակայն, ըստ Ներսիսյանցի, Համահայկական բանկն առեւտրային բանկ չէ։ Այն չի տրամադրի կարճատեւ առեւտրային վարկեր, հիփոթեքային վարկեր, չի սպասարկի հաշիվներ կամ քարտեր։ Ընդհանրապես՝ բանկը չի մտնի այն ոլորտները, որտեղ գործունեություն են ծավալում առեւտրային բանկերը։ Բանկի գործունեության առաջնահերթություններից կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկական, կրթական եւ զբոսաշրջային ոլորտները:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Վահրամ Ներսիսյանցը Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր նախագահի խորհրդականի պաշտոնից:





























