Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին նախազգուշացրել է ՄԻԵԴ-ի դատավճիռները չիրականացնելու հետեւանքների մասին։
Սեպտեմբերի 19-ից 21-ը տեւած նիստի արդյունքներով՝ Նախարարների կոմիտեն ընդունել է բանաձեւեր 20 երկրների՝ այդ թվում Ադրբեջանի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանի 267 վճիռների մասին։
Քարտուղարությանը հանձնարարվել է նախապատրաստել Իլգար Մամեդովի գործով ժամանակավոր բանաձեւի նախագիծը, որի համաձայն Ադրբեջանին պաշտոնական ծանուցում կուղարկվի այն մասին, որ Նախարարների կոմիտեն մտադիր է Եվրոպական դատարանին ներկայացնել Ադբեջանի կողմից Եվրոպական հռչակագրի 46 հոդվածի 1-ին պարբերությամբ (Եվրոպական դատարանի վճիռները չիրականացնելու մասին) ստանձնած պարտավորությունների չիրականացման հարցը ։
Բանաձեւը կներկայացվի 2017-ի հոկտեմբերի 25-ին Կոմիտեի նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ 46-րդ հոդվածը դեռ ոչ մի անգամ չի կիրառվել անդամ երկրների հանդեպ։ 46-րդ հոդվածի կիրառման բովանդակությունն այն է, որ Նախարարների կոմիտեն ՄԻԵԴ վճիռների չիրականացման հարցը փոխանցում է հենց դատարանի քննմանը։ Եթե վերջինը հանգում է այն եզրակացության, որ իրոք դատավճիռները չեն իրականացվել, ընդ որում առանց իրավական հիմքերի, ապա հարցը նորից է դրվում Նախարարների կոմիտեի քննարկմանը, որպեսզի ընդունվեն համապատասխան քայլեր՝ կազմակերպության առջեւ տվյալ երկրի պարտականությունների չկատարման կապակցությամբ։ Նման քայլերը կարող են ունենալ պատժամիջոցային բնույթ։




























