Դեկտեմբերի 10-ին Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցությունը վարել է Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանին զեկուցել են, որ դեկտեմբերի 7-ի դրությամբ համաքաղաքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 88 տոկոս:
Նկատի առնելով, որ աշխատանքային տարվա ավարտին մնացել է 16 աշխատանքային օր, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այդ օրերի ընթացքում ապահովել սեփական եկամուտների հավաքագրումը 100 տոկոսով, որպեսզի տարին ավարտվի 100 տոկոս կատարված բյուջեով:
Բացի այդ, հանձնարարվել է բարեկարգման համաքաղաքային աշխատանքներն ավարտել մինչեւ դեկտեմբերի 20-ը, մեծ ուշադրություն դարձնել ձմռան նախապատրաստական աշխատանքներին, դրանք ավարտել երկօրյա ժամկետում։ Այս պահին վարչական շրջաններում մոտ 1000 տոննա աղ եւ 2000 տոննա ավազ կա պահեստավորված, հանձնարարվեց անհարժեշտության դեպքում պաշարները համալրել. «Որպեսզի եթե ցանկացած պահի տեղումներ լինեն, պատրաստ լինենք եւ կարողանանք աշխատանքներն ապահովել»,- նշեց Տարոն Մարգարյանը։
Ամանորյա նախապատրաստական աշխատանքների ավարտի ժամկետ է սահմանված դեկտեմբերի 15-ը:
Կրթության վարչության պետին հանձնարարական է տրվել հետեւել, որպեսզի կրթական հաստատություններում դրամահավաքներ տեղի չունենան. «Դպրոցներն ու մանկապարտեզները խիստ հսկողության տակ պետք է լինեն, որպեսզի այս տոնական օրերին դրամահավաքներ չլինեն»,- նշեց Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը:




























