«Լուդինգ ՍՊԲ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի սպանությունը ունի բոլոր հատկանիշները՝ պատվիրված համարվելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Ռուսաստանի իրավապահ մարմինները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հետաքննչական հանձնաժողովը, դեկտեմբերի 10-ին Մոսկվայի կենտրոնում սպանվել է «Լուդինգ» ընկերության Սանկտ-Պետերբուրգի մասնաճյուղի գլխավոր տնօրեն 61-ամյա Արա Խաչատրյանը: Նրա մարմինը հայտնաբերվել է Infiniti մակնիշի ավտոմեքենայում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի դաշնային «Կրեմլյովսկի» առեւտրի տուն» ձեռնարկությունը, որը գտնվում է ՌԴ նախագահի գործերի կառավարչության ենթակայության տակ, պայմանագիր է ստորագրել Երեւանի կոնյակի-գինու-օղու «Արարատ» կոմբինատի հետ՝ «Կրեմլյան մրցանակ» (Kremlin Award) կոնյակի թողարկման վերաբերյալ: Դրա համար կնքվել է համաձայնագիր Երեւանի «Արարատ» կոմբինատի եւ ռուսական ներկրող «Լուդինգ» ընկերության միջեւ:
Այս գործրքը անմիջապես բացասական ռեակցիա է առաջացրել Ռուսաստանի գործարարներից ոմանց շրջանում, ովքեր շտապել են հայտնել, որ գործարքը «ոչ հայրենասիրական է»:
Նշենք, որ «Լուդինգ ՍՊԲ»-ն հիմնադրվել է 1993-ին եւ հանդիսանում է Ռուսաստանում էլիտար ալկոհոլային խմիչքի խոշորագույն ներկրողներից մեկի պետերբուրգյան մասնաճյուղը: Այն հինադրել են երկու հայ գործարարներ՝ Արթուր Վարժապեըյանն ու Արմեն Շահնազարյանը: Հայաստանում «Լուդինգի» գործընկերը Երեւանի կոնյակի, գինու, օղու «Արարատ» կոմբինատն է: 2001-ից «Արարատ» կոմբինատի սեփականատեը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է:





























