Դեկտեմբերի 9-ին գիշերը 1:35-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի բնակիչ, Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 19-ամյա Վահագն Մուշեղի Գրիգորյանը հաղորդել է Կենտրոնականի ոստիկանությանը, որ նախորդ օրը, ժամը 19:00-ի սահմաններում Չարենց փողոցի թիվ 8 շենքի մոտ ոմն Էրիկ իր ընկերների հետ վիճաբանության ու ծեծկռտուքի մեջ է մտել իր եւ իր ընկերների հետ: Վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով Վահագն Գիգորյանը (մականունը՝ Ֆաֆուլիկ) աջ ոտքի ազդրի մասում ստացել է հրազենային վնասվածք: Սակայն, չգիտես ինչու, չի դիմել բուժօգնություն ստանալու:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետեւանքով վնասվել է կռվի մասնակիցներից մեկին պատկանող «Պորշե-կայեն» մակնիշի 05 OL 500 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի հետեւանքով առաջացած 7 անցք: Ոստիկանության կենտրոնականի բաժնի պետի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը այնտեղ հայտնաբերել եւ առգարվվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 7 պարկուճ, 9 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ եւ 7 կոտորակներ: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն: Նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության կենտորանականի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ՝ խուլիգանության, ապօրինի զենք կրելու եւ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով:
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին հարուցված քրեական գործը տեղափոխվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթ:
NEWS.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Երեւանի ոստիկանության եւ Կոնտրոնականի ոստիկանության աշխատակիցները օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել են, որ վիճաբանության պատճառը եղել է այն, որ Ագրարային համալսարանի 2-րդ կուրսի ուսանող 17-ամյա Էդգար Մովսեսի Շախիկյանը (մականունը՝ Էրիկ) մի վարդ է փոխանցել ԵՊՀ-ի ճաշարանի աշխատակցին, որպեսզի նա վարդն իր անունից հանձնի ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողուհի Անիին: Այդ մասին իմանում է Անիի մեկ այլ երկրպագու, ոստիկանությանը հայտարարություն տված Վահագն Գրիգորյանը:
Վերջինս Էրիկին հրավիրում է «ռազբորկայի», որպեսզի պարզեն, թե ինչու՞ է աղջկան վարդ ուղարկել: Պարզաբանման ժամանակ Էրիկի թիմակիցերը լինում են Ալեքսան, Էռնեստ եւ Գեւորգ Թառյանները, Կարեն Ասատրյանը: Իսկ Վահագնի թիմակիցները՝ Աշոտ Մանուկյանը, Գուժ Աղաբեկյանը եւ Գաբրիել Մալխասյանը (մականունը՝ Գափո): «Ռազբորկան» տեւում է մի քանի րոպե, որի ժամանակ Է.Շախիկյանն իր մոտ եղած առանց գործարանային համարի «Մակարով» տեսակի ատրճանատից կրակ է արձակում Ա.Մանուկյանի անձնական օգտագործման «Պորշե-կայեն»-ի ուղղությամբ: Արդյունքում՝ Վահանը ոտքի, իսկ Գուժ Աղաբեկյանը աջ ձեռքի հատվածում ստանում են հրազենային վնասվածքներ: Գուժն էլ իր հերթին իր մոտ եղած «Վալտեր CP 99 compact» տեսակի գազային ատրճանակով կրակում է նրանց ուղղությամբ: Կռվի ժամանակ Է. Թառյանի գլխին հարվածում են կաստետով: Մարմնական վնասվածք ստացած երիտասարդները գտնվում են հիվանդանոցում, ոստիկանության հսկողության տակ:
Է. Շախիկյանն ու Գ. Աղաբեկյանը ձերբակալվել եւ տեղափոխվել են Երեւանի ձերբակալվածների պահման վայր: Այսօր՝ դեպտեմբերի 11-ին, քննչական մարմինը դիմելու է Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանավորումը: Հայտանբերվել են նաեւ «ռազբորկայի» ժամանակ օգտագործված հրազենները:
Ելենա Գեւորգյան



Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























