Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 9-ին՝ կառավարության նիստի ընթացքում ունեցած ելույթում անդրադարձավ գյուղացիների ավտոապահովագրության խնդիրներին՝ նշելով, որ նրանց համար ավտոապահովագրության կանոների մեջ փոփոխություններ պետք է արվեն: «Պարտադիր ապահովագրության ինստիտուտը, որ հունվարի 1-ից մտնելու է ուժի մեջ, ենթադրում է, որ այն ավտոմեքենաները, որ ժամանակավորապես չեն օգտագործվում, կարող են չապահովագրվել կամ ապահովագրվել այն ժամկետի համար, երբ դրանք օգտագործվելու են»,- մասնավորապես ասաց վարչապետը։
Ի՞նչ է սա՝ գյուղացիությանն արած զիջո՞ւմ, թե՞ սովորական պոպուլիստական հայտարարություն։
Ըստ այն տեղեկությունների, որ ունենք՝ մարզերում ապահովագրության ընթացքը շատ ավելի վատ է, քան մայրաքաղաքում։ Գյուղացիների մի մասն ընդհանրապես չի էլ պատրաստվում ապահովագրվել, իսկ մյուս մասը դա անում է մեծ դժգոհությամբ։ Այդ ապահովագրվածներն էլ հունվարի 1-ից հետո լուրջ խնդիրներ են ունենալու այն պատճառով, որ ապահովագրական ընկերությունները մարզերում լայն զարգացած ցանց չունեն։ Այն, ինչ ասաց վարչապետը՝ բխում է առկա իրողությունների նկատմամբ մտահոգությունից, սակայն առաջարկվող լուծումները բնավ գյուղացիների հոգսը չեն թեթեւացնում։
Նախ նշենք, որ գործող կարգերի պայմաններում էլ գյուղացիները կարող են պարզեցված ընթացակարգերով հաշվառել մեքենաները կամ հանել հաշվառումից։ Դրա համար նրանք պետք է վճարեն ընդամենը 5 հազ. դրամ։ Բայց, արդյոք, գյուղացիներին տարեկան 2 անգամ ոստիկանություն ուղղորդելը խնդրի լուծո՞ւմ է։ Գյուղացիական մեքենաների մոտավորապես կեսը նույնիսկ տեխզննում չեն անցել, ուր մնաց թե տարին 2 անգամ ոստիկանություն գնան։
Հաջորդը՝ գյուղատնտեսական ակտիվ սեզոնը ոչ թե 2-3 ամիս է, այլ առնվազն՝ 6: Ընդ որում՝ բույսերի վեգետացիայի շրջանն ավելի մեծ է։
Իրականում՝ գյուղացիները ոչ թե 2-3 ամիս են աշխատում, այլ 2-3 ամիս հանգստանում են (զբաղված չեն գյուղատնտեսական աշխատանքներով): Հետեւաբար՝ եթե նրանք մեքենան պետք է ապահովագրեն 6 ամսվա համար, իսկ մյուս 6-ի համար 2 անգամ ոստիկանությանը տուրք վճարեն՝ ապա ոչինչ էլ չեն շահում։
Եւ հետո՝ շատ քիչ են այն մեքենաները, որոնք գյուղացիները բացառապես օգտագործում են գյուղատնտեսական նպատակներով։ Գործնականում նրանց մեքենաները հարմարեցված են եւ բեռնափոխադրումների, եւ ուղեւորափոխադրումների համար, ու դժվար է միանշանակ պնդել, որ դրանք ողջ ձմեռ կանգնած են մնալու։ Իսկ մեքենան հաշվառումից հանել միայն այն պատճառով, որ չապահովագրվի՝ դա խնդրի լուծում չի։ Իսկ այն մեքենաները, որ իսկապես բացառապես գյուղատնտեսական նպատակով են օգտագործվում, երբեք էլ ոստիկանության ուշադրության կենտրոնում չեն հայտնվում, ու գյուղացիները դա շատ լավ գիտեն։
Այսպիսով՝ վարչապետի մտահոգությունը տեղին է, իսկ առաջարկվող լուծումները՝ ոչ համարժեք։ Ճիշտը, կարծում ենք, պատժամիջոցների կիրառման ժամկետի հետաձգումն է, ու եթե ճանապարհային ոստիկանությանը ներքին կարգով նման հրահանգ է տրվելու՝ դա միանշանակ ողջունելի է։ Դա գուցե եւ հակասում է օրենքին, սակայն բխում է կյանքի իրողություններից։ Կարելի է քննարկել նաեւ վիրտուալ օրենքներ մշակողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու հարցը, սակայն դա ապագայի խնդիր է։
Սամվել Ավագյան





























