«Ինչպեսեւ նախօրոք կանխատեսել էի, 2010 թվականի համար 1-2 տոկոս տնտեսական աճ գրանցեցինք. նույնիսկ վատագույն գնահատականների պարագայում այսպիսի ցուցանիշը վկայում է, որ մեզ հաջողվել է հաղթահարել ճգնաժամի հետեւանքները, որից մինչ օրս ազատված չեն անգամ աշխարհի ամենահարուստ ու կանոնակարգված երկրները»,- դեկտեմբերի 10-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:
Առանձին անդրադարձ կատարելով գնաճին՝ նա նշեց. «Սա դժվար մի երեւույթ է, որը կառավարելու համար արդյունավետ գործիքներ են անհրաժեշտ։ Մեր երկիրը չունի ռազմավարական բնույթի ռեսուրսներ, որ գնաճային ճնշումներն ու սցենարները կարողանա ավելի լավ կառավարել։ Ճիշտ է, մենք չունենք շատ ճոխ ու լայն գործիքներ, սակայն Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը աշխատում են, որ գնաճը հնարավոր սահմաններում զսպվի»,- հավաստիացրեց Բոստանջյանը՝ գնաճի երեւույթը մեծապես պայմանավորելով հատկապես տնտեսական ազատ մրցակցության բացակայությամբ եւ շուկայի մոնոպոլիզացված լինելով։ «Այդուհանդերձ, մենք այժմ գտնվում ենք 9,1 տոկոսի շրջանակներում. դա վատ թիվ է, սակայն 2011 թվականին այդ մակարդակը նկատելիորեն կիջնի»,- կանխատեսեց Բոստանջյանը:
Անդրադառնալով Նոր տարվա նախաշեմին նկատվող թանկացումների թեմային՝ ԲՀԿ պատգամավորն ասաց. «Շուկան այնպիսի բան է, որ ազատական հարաբերությունների տիրույթում մի այսպիսի ոսկե օրենք կա՝ առաջարկ եւ պահանջարկ հարաբերակցություն։ Ոզում եք, թե ոչ, քանի գնվում է ապրանքը, ուրեմն դրա գինը պետք է բարձրանա»,- բացատրեց Բոստանջյանը։
Ամփոփելով՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրեց, որ Նոր տարին դիմավորելու է, ինչպես բոլորը՝ սովորական։ Բարեմաղթանքների մեջ նա ավելի շռայլ գտնվեց՝ բոլորին ցանկանալով խաղաղություն, առողջություն եւ հզորացում։





























