NEWS.am-ը ներկայացնում է The Washington Post թերթում հրապարակված Փոլ Էլիասի հոդվածը, որոշակի կրճատումներով:
Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի վերաքննիչ դաշտային դատարանը փոխել է իր դիրքորոշումը եւ որոշել, որ Օսմանյան Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են գումարներ ստանալ այն ընկերություններից, որոնք իրենց հարազատներին են վաճառել կյանքի ապահովագրական պոլիսներ:
ԱՄՆ-ի 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանը Սան Ֆրանցիսկոյում վճռել է, որ Կալիֆորնիա նահանգի օրենքը հայոց ցեղասպանության մասին, չի հակասում ԱՄՆ արտաքին քաղաքականությանը:
Անցած տարի նույն դատարանը որոշել էր, որ ԱՄՆ կառավարությունը Թուրքիայի կառավարության կողմում է, ուստի Կալիֆորնիայի նահանգային օրենքը, որը 1915-ի դեպքերը համարել է ցեղասպանություն, չեղյալ է համարվում, քանի որ հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը:
Սակայն այս անգամ դատավոր Դորոթի Նելսոնը կտրուկ եւ անսպասելի քայլ է արել եւ փոխել իր որոշումը՝ անցնելով դատավոր Հարրի Փրեջերսոնի կողմը:
«Մենք եզրակացրեցինք, որ չկա հստակ ընդգծված դաշնային քաղաքականություն, որը կարգելի նահանգներին օգտագործել «Հայոց ցեղասպանություն» տերմինը»,- գրել է Փրեջերսոնը:
Դատարանի որոշումը վերակենդանացրել է ցեղասպանության զոհերի երեք ժառանգների հայցն ընդդեմ գերմանական ապահովագրական ընկերությունների, այդ թվում Munich Re AG-ի:
«Դա կատարվեց անսպասելիորեն: Սա հայ ժողովրդի համար մեծ հաղթանակ է»,- ասել է փաստաբան Բրայան Քաբաթեքը:
Քաբաթեքն ու էլի մի քանի փաստաբաններ նմանատիպ հայցեր են ներկայացրել ընդդեմ New York Life Insurance Co.-ի եւ ֆրանսիական AXA-ի: Այդ հայցերի վերաբերյալ վճիռներ են կայացվել 2005-ին, որի ընդհանուր գումարը կազմել է 37,5 մլն դոլար:
Դատարանը նաեւ որոշել է, որ ապահովագրական ընկերությունները կարող են դիմել դատարան կրկին անգամ դատական լսումներ կազմակերպելու հայցով: Նրանք կարող են դիմել նաեւ ԱՄՆ գերագույն դատարան:





























