Եվրոպայի խորհուրդը եւ Եվրոպական միությունն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ներկայացրել են Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների եւ կրթական ոլորտի մի շարք ծրագրերի արդյունքները: Ըստ այդմ, 2015-2017 թթ. «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված չորս ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 2,4 մլն եվրո:

Եվրոպայի խորհրդի Երեւանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԵԽ-ն եւ ԵՄ-ն ֆինանսական աջակցություն են տրամադրում Հայաստանում դատական համակարգում բարեփոխումներ անցկացնելու համար, բանտային համակարգի կայացման, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի հաղթահարման, ինչպես նաեւ՝ փակ տիպի կառույցներում անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի համար, նաեւ աջակցել են խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Նրա խոսքով, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա ԵԽ-ի կողմից ծրագրերի իրականացման վրա. «Մեր բարեփոխումները նպատակ ունեն աջակցելու Հայաստանին իրականացնելու Եվրամիության եւ այլ կազմակերպությունների առջեւ ունեցած իր պարտավորությունները»: