Ընտանեկան բռնության կանխարգելման մասին՝ մեծ աղմուկ բարձրացրած օրինագծի շուրջ այսօր խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել: Ոստիկանության ներկայացուցիչը նախ վիճակագրություն է ներկայացրել. 2017 թվականի առաջին 9 ամիսներին ընտանեկան բռնության 602 դեպք է քննվել, որից 142-ով քրեական գործ է հարուցվել: Նելլի Դուրյանի հավաստմամբ՝ յուրաքանչյուր ընտանիքում կա առնվազն մեկ երեխա, որը եթե ոչ ֆիզիկական, ապա հոգեբանական բռնության հաստատ ենթարկվում է: Նաեւ այս հանգամանքով են բացատրում օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
Օրինագծի ընդդիմախոսները, սակայն, կարծում են, որ այս օրենքով պետությունը ներխուժում է ընտանիք, ինչն անթույլատրելի են համարում: Լսումներին մասնակցել են նաեւ ընտանեկան բռնության ենթարկված կանայք: Նրանցից մեկը դժգոհել է պատասխանատու մարմինների վերաբերմունքից:
Օրինագծին դեմ է նաեւ Վարդան Բոստանջյանը: Ըստ պատգամավորի՝ լուրեր են պտտվում, որ օրենքը պարտադրվում է Հայաստանին: Հակառակ դեպքում ինչո՞վ բացատրել օրինագծում հիշատակվող, Բոստանջյանի բնորոշմամբ, «բստրածին» բռնությունները: Արդարադատության փոխնախարարը վստահեցրել է. Հայաստանին դժվար է ինչ-որ բան պարտադրել: Բայց մենք միջազգային պարտավորություններ ունենք, այդ թվում՝ այս հարցում: Վիգեն Քոչարյանը նաեւ նշել է, որ հնարավոր չէ սահմանափակվել քրեական օրենսգրքով: Ներկայացված օրինագիծն ուղղված է հենց ընտանեկան բռնության կանխարգելմանը, որ գործը քրեական օրենսգրքի կիրառմանը չհասնի:
Ատոմակայանը չի փակվի, այլ, հնարավոր է, փոխարինվի ավելի փոքր հզորությամբ ատոմակայանով: Արդարադատության նախարարը, սակայն, չի բացառում, որ իշխանություններն ընդհանրապես հրաժարվեն նոր ատոմակայանի կառուցման գաղափարից: Հարկավոր է պարզապես հաշվարկել, թե որ տարբերակն ավելի արդյունավետ կլինի պետության եւ սպառողների համար: Հարությունյանը վստահեցնում է, որ պետությունը պարբերաբար վերանայում է իր էներգետիկ ռազմավարությունը: Այն, ըստ նախարարի, բացառում է ոչ թափանցիկ որեւէ քաղաքական գործընթաց: Նշենք, որ հարցն արդիական է դարձել Հայաստանի ու Եվրամիության միջեւ նախաստորագրված համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո: Դրանում, առանց հստակ ժամկետների սահմանման, նշվում է, որ անհրաժեշտ է փակել 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը՝ այն փոխարինելով նոր հզորություններով:
Անհատ տաքսու վարորդները տրանսպորտի նախարարի եւ վարչապետի հրաժարականն են պահանջում: Այսօր նրանք ակցիա են անցկացրել՝ բողոքելով տուգանքների, աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հավանականության դեմ: Ասում են՝ Վահան Մարտիրոսյանի հայտարարություններից այդպես էլ բան չհասկացան. աջակողմյան ղեկով մեքենաներն ի վերջո արգելվելու են, թե՞ ոչ: Վարորդներին եւս մեկ խնդիր է մտահոգում. կառավարությունն օրինագիծ է մշակում, որի համաձայն՝ մինչեւ 2022 թվականը որպես տաքսի շահագործվող մեքենաները պետք է առավելագույնը 6 տարեկան լինեն: Տաքսու վարորդները վստահեցնում են, որ առանց այն էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող վարորդները չեն կարողանա, այսպես ասած, թարմ մեքենա ձեռք բերել:
Մալթայում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով մահացել է լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիան: Նա հայտնի էր Պանամայի գործով լրագրողական հետաքննություններով, որին առնչվում էր նաեւ Մալթայի վարչապետը: Ավելի վաղ լրագրողը դիմել էր տեղական ոստիկանությանը՝ հայտնելով, որ իրեն սպառնում են: Դաֆնե Կարուանա Գալիցիան գրել է նաեւ օֆշորային սկանդալում Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիեւայի դերի մասին: Դրանում ներգրավված է եղել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը: «Պանամական թղթապանակի» հրապարակումից հետո Եվրախորհրդարանի պատգամավորները Մուսկատի հրաժարականի կոչ էին անում: Հետաքննությունը միջազգային սկանդալի պատճառ էր դարձել, ինչի հետեւանքով մի քանի երկրներում բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկ եղան:
Իրաքում ներքին վիճակը սրվում է: Իրաքյան կառավարական զորքերը գրավել են Քիրքուքը: Վարչապետ Հայդեր ալ-Աբադին հրահանգել է վիճելի տարածքներից հանել Քուրդիստանի դրոշներն ու բարձրացնել Իրաքի պետական դրոշը: Ականատեսները պատմել են, որ քրդական փեշմերգան չի դիմադրել: Իրաքի ուժերը վերահսկում են մեկ ռազմաբազա, Բաբա-Ղուրղուր նավթային շրջանը, առանցքային ենթակառուցվածքներն ու ճանապարհները: Հազարավոր բնակիչներ լքել են քաղաքը՝ շարժվելով դեպի Էրբիլ եւ Սուլեյմանիա:
Թուրքիան իր հերթին փակել է Իրաքի Քուրդիստանի ինքնավարության հետ օդային սահմանը: Քիրքուքի գրավման մասին որոշումը Բաղդադի իշխանությունները կայացրել են Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո: Փորձագետներն իրաքյան եւ քրդական ուժերի միջեւ բախումների սրում են կանխատեսում: Նրանք, միաժամանակ, վստահ են, որ քրդական պետություն, ամեն դեպքում, կստեղծվի. դա միայն ժամանակի հարց է:
Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում խոշոր հրդեհների զոհերի թիվը հասել է 38-ի: 55 մարդ այրվածքներ ու այլ վնասվածքներ է ստացել, տուժածներից 15-ի վիճակը ծանր է: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել տները: Պորտուգալիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Անցյալ շաբաթ բռնկված հրդեհի շուրջ 500 օջախ է գրանցվել, 50 օջախ դեռ ակտիվ է: Կրակը հարյուրավոր տներ է ոչնչացրել, անվտանգության նպատակներով փակվել է 12 ավտոճանապարհ: Հրդեհներ են մոլեգնում նաեւ Իսպանիայում. օջախների թիվն այստեղ 100-ի է հասնում: Երկու երկրների պաշտոնյաները կարծում են, որ որոշ դեպքերում հրդեհների պատճառը հրկիզումներն են:
Ձմեռը մոտենում է, եւ նորից արդիական է դառնալու վրաց-ռուսական սահմանով բեռնափոխադրումների հարցը: Վրաստանի լեռնային շրջաններում տեղացած ձյունն այսօր արդեն մասնակիորեն փակել է Վերին Լարսի ճանապարհը: Վրացական պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, բեռնատարների համար՝ փակ:
Հոկտեմբերի 17-ին եվրոն շարունակել է թուլանալ: Արդյունքում եվրոյի փոխարժեքն այսօր կազմել է 565 դրամ, դոլարինը՝ 481, ռուբլունը՝ 8 դրամ 40 լումա, ֆունտինը՝ 637 դրամ:
Հոկտեմբերի 18-22-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 18-ի գիշերն օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կնվազի: Երեւանում տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +17+19 աստիճան տաքություն:











