Մադագասկարում ժանտախտը 74 մարդու կյանք է խլել, հայտնում է AFP–ն՝ վկայակոչելով տեղական իշխանությունների հրապարակած տվյալները։ Օգոստոսից երկրում գրանցվել է ժանտախտով  վարակվելու 805 դեպք։

Մադագասկարում ժանտախտի  համաճարակներ են բռնկվում գրեթե ամեն տարի՝ 1980 թվականից ի վեր։ Որպես կանոն հիվանդության բռնկումները լինում են սեպտեմբեր–ապրիլ ժամանակահատվածում։ ԱՀԿ տեղեկություններով այս համաճարակն անսովոր է, քանի որ խոցել է քաղաքային շրջանները՝ հատկապես մայրաքաղաք Անտանանարիվուն՝ մեծացնելով ինֆեկցիայի տարածման ռիսկը։ Դա խուճապ է առաջացրել, թեպետ կառավարությունը կոչ է արել հանգստություն պահպանել։

Անտանանարիվուի օդանավակայաններում ուղեւորները պարտադիր բուժզննում են անցնում, երկրում արգելվել են հանրային ժողովները, փակ են ուսումնական հաստատությունները։