«Դիլիջան ազգային պարկում» ուղեփակոցի վագոն-տնակի հրկիզման դեպքով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

Այս առնչությամբ, Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Արդեն տեղեկացվել է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա  սիքյուրիթի» ՍՊ ընկերությանը պատկանող հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրդեհման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Անհանդուրժելի համարելով ապօրինի անտառահատումների կանխարգելման կոշտ միջոցների ձեռնարկմանն ակնհայտորեն խոչընդոտելու փորձերը, ինչպես նաեւ ուղեփակոցի վագոն-տնակի հրդեհման հանգամանքները եւ պահնորդների աշխատանքը խոչընդոտած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ ունեցած արդյունքների դեռեւս ոչ բավարար լինելու հանգամանքը՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազի կողմից նախաքննական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ակտիվացնել ինչպես քննչական, այնպես էլ  օպերատիվ-որոնողական անհրաժեշտ  միջոցառումները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով, քրեական գործով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների հիման վրա ՀՀ Տավուշի մարզի դատախազի տեղակալի կողմից նախաքննություն իրականացնող մարմնին գրավոր ցուցում էր տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել մեկ անձի: Հոկտեմբերի 19-ին տվյալ անձին ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով առաջադրվել է մեղադրանք: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Նկատի առնելով նմանատիպ դրսեւորումների հանրորեն վտանգավորության աստիճանը եւ հանցագործությունը կատարած անձանց օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը՝ ՀՀ դատախազությունն առանձնակի ուշադրության առանցքում է պահելու քննության ընթացքը՝ կիրառելով դատախազական հսկողության՝ օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր կառուցակարգերը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիլիջան ազգային  պարկ»–ի  Շամախյան տեղամասում  հոկտեմբերի 13–ի երեկոյան  արտակարգ դեպք է տեղի ունեցել. մի խումբ քաղաքացիներ վեճի են բռնվել  այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ այդ ընթացքում  հրկիզել  հենակետի  վագոն-տնակը։ Ըստ հավաստի տեղեկությունների, «Դիլիջան» ազգային պարկի միջադեպին մասնակցել է առնվազն  40 մարդ, որոնք  «Վիլիսներով» եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը և պահնորդներից երկուսին դուրս հանել այնտեղից։ Քննչական կոմիտեն եւս հաստատել է, որ հարձակվողները եղել են խմբով:

Դեպքը տեղի է ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ տեղամաս կատարած այցից հետո։