Շպիցբերգենի մոտ Մի-8 ուղղաթիռի կործանման առավել հավանական վարկած է համարվում օդաչուների ոչ ճիշտ գործողությունը: Այդ մասին հաղորդել են «Ինտերֆաքսի» աղբյուրները՝ ավիացիոն որոնողական ու փրկարարական միջազգային ծառայություններից:
«Թռիչքի ընթացքում ուժեղ ձյունն ու քամին, օվկիանոսի կիսախավար մակերեւույթը կարող էին ազդել օդաչուների որոշումների վրա», - ասել է գործակալության զրուցակիցը:
Տեխնիկական անսարքության վարկածն, աղբյուրի խոսքով, նույնպես դիտարկվում է, բայց համարվում է քիչ հավանական: Ուղղաթիռը արտադրվել էր 2013-ին եւ ժամանակին տեխսպասարկում է անցել, պարզաբանել է նա:
Աղբյուրը չի բացառել, որ օդաչուները կարող էին բախվել տարածական զգացողության կորստյան կամ հոգեկան այլ վիճակի, ինչը կհանգեցներ օդում ոչ ճիշտ գործողությունների:
Ռուսական «Արկտիկուգոլ» ընկերության ուղղաթիռը կործանվել էր հոկտեմբերի 26-ին Շպիցբերգենի ափերի մոտ:
Պիրամիդա-Բարենցբուրգ երթուղով թռիչք իրականացնող ուղղաթիռում եղել է 8 մարդ՝ Արկտիկայի ու Անտարկտիկայի ԳՀԻ 3 աշխատակից եւ անձնակազմի 5 անդամ:
























