Ալավերդիում անցած տարվա նոյեմբերին 65-ամյա տղամարդուն օղի շշով հարվածելու եւ սպանելու մեջ մեղադրվող Հրանտ Ասատրյանը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Հրանտ Ասատրյանը 2016թ. նոյեմբերի 30-ին ցերեկը հարբած վիճակում վիճել է 65-ամյա Հայկ Վարդումյանի հետ եւ օղու շշով հարվածել՝ սպանելով նրան:

Նախաքննության ընթացքում հայտնի էր դարձել, որ տղամարդկանց միջեւ վեճը սկսել էր, քանի որ Հայկ Վարդումյանն իրենց ընկերներից մեկի կնոջ հետ ցանկացել էր սեռական հարաբերություն ունենալ: Ասատրյանի եւ Վարդումյանի միջեւ սկսված վեճն ավարտվել էր ողբերգությամբ:

Դատարանում Հրանտ Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով, որ ինքը Հայկ Վարդումյանին շշով չի հարվածել և նրան ինքը չի սպանել: Ամբաստանյալի պատմելով, իր ու Հայկ Վարդումյանի միջեւ իսկապես վիճաբանություն է եղել, ինքը բռունցքով հարվածել է Վարդումյանի դեմքին, ինչի հետևանքով նրա քթից արյուն է հոսել: Դրանից հետո, ըստ ամբաստանյալի, ինքը գնացել է ծխելու, իսկ Վարդումյանը՝ լվացվելու: Երբ վերադարձել է սենյակ, տեսել է, որ Հայկ Վարդումյանը հատակին բերանի վրա արյան մեջ ընկած է, ձեռք է տվել եւ հասկացել, որ մահացել է: Ասատրյանի խոսքով, ինքը մի անկյունում նստել է, նորից մի բաժակ օղի խմել, որից հետո եկել են ոստիկանության աշխատակիցները: Ամբաստանյալը դատարանում վստահեցրել է, որ Վարդումյանին օղու շշով չի հարվածել, մյուս ընկերը, որի կնոջը նման «անպարկեշտ» առաջարկ էր արել, նույնպես իր ներկայությամբ ոչ ոքի չի հարվածել, թե ով է սպանել, ինքը չգիտի:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հրանտ Ասատրյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 11 տարվա ազատազրկման: Դատարանը պարտավորեցրել է նաեւ ամբաստանյալին 600 հազար դրամ վճարել տուժողի իրավահաջորդին: Նշենք, որ Վարդումյանի հարազատները 2 մլն դրամ էին պահանջում: