Տանզանիայի իշխանությունները երկրից հարավաֆրիկացի 3 փաստաբանի են արտաքսել նույնասեռականություն քարոզելու պատճառով, փոխանցում է BBC-ն:

Նրանք այն 13 մարդկանց թվում էին, որոնք հոկտեմբերի 17-ին կալանավորվել են խորհրդակցությանը մասնակցելու համար, որի ընթացքում քննարկվել է մասնավոր կլինիկաներին ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի դեմ բժշկական ծառայությունների մատուցումն արգելող օրենքը:

Ոստիկանության պետը լրագրողներին հայտնել է, որ փաստաբանները «նույնասեռականություն են քարոզում»: Կալանավորումները հետեւել են խորհրդարանում առողջապահության փոխնախարար Համիզի Քինգվանգալայի ելույթին, որը խոստացել է «ամբողջ ուժով պայքարել խմբերի դեմ, որոնք աջակցում են երկրում նույնասեռականությանը», հայտնում է AFP-ն:

Սակայն հանդիպման մասնակիցները հայտարարել են, որ օրենքները չեն խախտել, քանի որ հանդիպումը չէր վերաբերում նույնասեռականությանը: