Քրեակատարողական հիմնարկներում արմատական փոփոխության համար խոչընդոտ է հասարակության մեջ քրեական աշխարհի օրենքների նկատմամբ առկա վերաբերմունքը, դրական ռոմանտիկան, որը կոտրելու, վերացնելու ուղղությամբ գրեթե քայլեր չեն արվել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում ուսումնասիրությունների արդյունքում հասարակական դիտորդական խմբի պատրաստած 2016 թվականի տարեկան զեկույցին նվիրված ասուլիսի ժամանակ նշել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»–ի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը:

Միջոցառմանը մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, դիտորդական խմբի ներկայացուցիչները, «Բաց հասարակության հիմնադրամներ» ՀԿ-ի Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանը, փաստաբաններ ուսանողներ:

Իր խոսքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ հասարակական դիտորդների խումբը, որը գործում է արդեն 13  տարի է, այն եզակի ինստիտուտներից մեկն է, երբ իշխանության մարմինների հետ` տվյալ դեպքում արդարադատության նախարարության հետ կա ռեալ համագործակցության հարթակ:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»–ի ներկայացուցիչ Դավիթ Ամիրյանի խոսքով, թեեւ նախարարության կողմից դրական քայլեր իրականացվել են, կան վերանորոգված խցեր, բայց չի կարող ասել, որ առկա է արմատական, գլոբալ փոփոխություն. «Արմատական փոփոխության խոչընդոտը հիմնականում քրեակատարողական հիմնարկի վարչության պետի նշանակումն է նախագահի կողմից եւ չենք կարողանում ձերբազատվել նման մենաշնորհային կառավարման գործընթացից: Մենք չենք կարող կապ չտեսնել արմատական բարեփոխումներ անելու ցանկության եւ դրա չգիտակցված կամ ենթագիտակցված ընդդիմության, որը որ կարող է լինել հասարակության, ինչ-որ շերտերի մարդկանց մոտ: Քայլեր ձեռնարկվե՞լ են արդյոք դա իրապես փոխելու, չեմ կարող ասել: Արմատական փոփոխության համար խոչընդոտ է հասարակության մեջ քրեական աշխարհի օրենքների նկատմամբ առկա վերաբերմունքը, դրական ռոմանտիկան, որը կոտրելու, վերացնելու ուղղությամբ քայլեր գրեթե չեն արվել»: