Միացյալ Նահանգներում բացահայտված հայկական հանցավոր խմբավորման ղեկավար, «օրենքով գող» հորջորջվող Արմեն Ղազարյանի՝ «Պզոյի»՝ Հայաստանում ունեցած տնտեսական կամ ինչ-որ այլ կապերի առնչությամբ Հայաստանի ոստիկանությունը որեւէ մեկի հետ չի համագործակցում, եւ այդ հարցով հայ իրավապահներին չեն դիմել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
«Ոչ մեկի հետ ոստիկանությունը չի համագործակցել: Մենք մշտական մեր գործուն մեխանիզմներն ունենք այդ կատեգորիայի՝ քրեածին հանցավոր միջավայրի, այսպես կոչված, հեղինակությունների` օրենքով գողերի նկատմամբ: Նրանց հետ տարվող ամենօրյա, մեր մշտական կանխարգելիչ աշխատանքներում բոլորի վերաբերյալ ունենք որոշակի տեղեկատվություն, որն օգտագործում ենք մեր առօրյա օպերատիվ աշխատանքներում»,- ասել է փոխոստիկանապետը:
Հունան Պողոսյանը հերքել է նաեւ տեղեկությունները, թե վերջերս մի խումբ քրեական հեղինակություններ են այցելել Հայաստան: «Դա ապատեղեկատվություն է: Քրեական հեղինակությունների այց Հայաստան կամ նմանատիպ շարժ չի եղել:Նրանք գտնվում են մեր մշտական օպերատիվ տեսադաշտում եւ նրանց կողմից որեւէ անօրինական արարքի դեպքում այնպիսի հակազդեցության կարժանանան, որ զարմացած կմնան»,- ազդարարել է փոխոստիկանապետը:





























