Աղբահանության եւ սանմաքրման մասին օրինագծի ճակատագիրը Հայաստանի խորհրդարանում ավելի քան դրամատիկ ստացվեց, քանի որ փաստաթղթի վերաբերյալ այդպես էլ որոշում չկայացվեց անգամ կրկնակի քվեարկության պայմաններում:
Առաջին անգամ փաստաթղթին կողմ քվեարկեցին 57 պատգամավորներ եւ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ որոշում չի կայացվել: ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», հանդես գալով օրինագծի դեմ, հայտարարեցին, թե միտումնավոր չեն մասնակցել քվեարկությանը: Հովիկ Աբրահամյանը, սակայն, որոշեց, որ տեխնիկական թերություններ են եղել եւ կրկին քվեարկության դրեց հարցը: Այս անգամ եւս որոշում չկայացվեց:
Ավելի դրամատիկ էր սակայն օրինագծի քննարկումը: «Աղբի» թեմայով Վիկտոր Դալլաքյանի ելույթն ազգի ընտրյալներին ուղղակի «լացացրեց»: «Այսօր, Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գերակա է ոչ թե աղբահանության, այլ աղբի միջից հաց փնտրող մարդկանց խնդիրը: Հայաստանում աղբը հավաքվել է բիզնեսի, գիտության, քաղաքականության ոլորտում, եւ առաջին հերթին անհրաժեշտ է մտածել, թե ինչպես մաքրենք այդ աղբը: Հայաստանում կարող է սոցիալական ապստամբություն լինել»,- ընդգծեց Դալլաքյանը:
Նրա ելույթը վիրավորեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, ով կոչ արեց կոռեկտություն պահպանել: Իր հերթին Հովիկ Աբրահմայնը հայտարարեց, թե եւս մեկ անգամ համոզվեց, որ խորհրդարանը բազմակարծության ամբիոն է դարձել:
Նշենք, որ օրենքով նախատեսվում է ավելացնել աղբահանության վարձավճարները եւ մի քանի կարգով վճարումներ գանձել:




























