Կառավարությունում չի քննարկվել եւ չի քննարկվում Գյուղատնտեսության նախարարի պաշտոնանկության հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ ՕԵԿ քվոտայով Գյուղնախարար նշանակված Գերասիմ Ալավերդյանը: «Ո՜չ կառավարությունում, ո՜չ էլ կուսակցությունում չի քննարկվում նման հարց: Մենք աշխատում ենք, նորմալ, բնականոն հունով ու ռիթմով»,-հայտարարեց նախարարը:

Դիտարկմանը, որ մամուլում եւ իշխանական կուլիսներում քննարկվում է առաջիկայում իր հրաժարականի հարցը, Ալավերդյանը բարկացած տոնով արձագանքեց. «Մամուլում նման լուրեր տարածում են Վռամ Գյուլզադյանի խոսնակները, ուրիշ ոչ մեկը չի խոսում եւ չի էլ կարա խոսի եւ ոչ էլ դրա հիմքերը կան»,-հայտարարեց նախարարը:

Նկատենք, որ Վռամ Գյուլզադյանը Գյուղնախարարության Բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչություն նախկին պետն է, ով կոնֆլիկտներ ուներ նախարարի հետ եւ պաշտոնից հեռացվեց դեկտեմբերի սկզբին: Գերասիմ Ալավերդյանը զրույցի վերջում վստահ տոնով հայտարարեց, որ ինքն իր աշխատանքը շատ լավ է կատարել եւ իրեն պաշտոնանկ անելու հարց չի կարող քննարկվել:

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ մի շարք նախարարությունների, այդ թվում` գյուղնախարարությանը, քննադատել էր պարտականությունների ոչ պատշաճ կատարման եւ կոռուպցիայի համար:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ալավերդյանի պաշտոնանկության հարցը տեւական ժամանակ է, քննարկվում է կառավարությունում: Սակայն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը կարողացել է պայմանավորվել եւ կառավարության ղեկավարից երաշխիք ստանալ, որ Ալավերդյանը պաշտոնանկ չի արվի: