Տնտեսական մրցակցության համակարգը Հայաստանում այնքան թույլ, անկատար եւ անարդյունավետ է, որ ձվի գնի բարձրացումը փորձում ենք բարդել միայն ձվարտադրողների վրա. նրանց բարեհաճության վրա ենք դնում մեր հույսը, մինչդեռ շուկայական տնտեսության մեջ ոչ թե բարեհաճությունն է կարեւոր, այլ այն մեխանիզմները, որոնք կստիպեն ձեռներեցներին պարկեշտ բիզնես ծավալել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Յուրաքանչյուր արտադրող փորձում է առավելագույն շահույթ ստանալ։ Այս պարագայում  ես չեմ մեղադրում ձվարտադրողներին, ովքեր պահանջարկի ավելացմանը զուգահեռ՝ ջանում են մեծացնել իրենց շահույթը։ Ես մեղադրում եմ պետական համակարգին, որը չի կարողանում զսպել նրանց այդպիսի ցանկությունը։ Համակարգն այնպիսին պիտի լինի, որ ձվարտադրողները չհիմնավորված վարքագիծ չդրսեւորեն։ Համակարգն ինքը պետք է ստիպի, որպեսզի շուկան բաց լինի եւ նման վարքագիծը բախվի մրցակցությանը, որը վնասի հենց այդ արտադրողին։ Պետական կարգավորման համակարգը գլխավոր խնդիր պետք է դնի սպառողների շահերի պաշտպանությունը»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Նոր տարուց հետո ձվի գինը կրկին անկում ապրի, ՀՅԴ պատգամավորը նկատեց. «Ձվի շուկան լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Պետք է խթանել նոր արտադրողների մուտքն այս շուկա, որպեսզի կարողանանք ասել, որ ձվի շուկայում գների իջեցում կլինի, հակառակ դեպքում մի քանի արտադրողների կողմից միշտ էլ համաձայնեցված գործողություններ հնարավոր են»,- ամփոփեց Մինասյանը։ 

Նշենք, որ վերջին օրերին Երեւանի խանութներում 50 դրամանոց ձու գրեթե անհնար է գտնել։ Առաջարկվում են հիմնականում 60-65 դրամ արժողությամբ ձվեր։ NEWS.am-ի թղթակիցը նախօրեին «Երեւան Սիթի»-ի սուպերմարկետներից մեկում ականատես էր եղել, թե ինչպես մի կին գնում էր դարակաշարում դասավորված 50 դրամանոց բոլոր ձվերը՝ ընդհանուր առմամբ 400 հատ։ Թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է այդքան շատ ձվեր գնում, գնորդը պատասխանել էր, որ ձուն գնելով 50 դրամով, իր խանութում կվերավաճառի հատը 60 դրամով։