Եվրամիությունը Ռուսաստանի գլխավոր առեւտրատնտեսական գործընկերն է, եւ Մոսկվան գաղափարական հիմքով չի կարող ընդդիմանալ Հայաստանի եւ ԵՄ-ի տնտեսական համագործակցությանը: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Գերմանա-ռուսական ֆորումի գիտական ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Փորձագետի խոսքով՝ ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրելով՝ Հայաստանը Ռուսաստանից հեռանալու ոչ մի կտրուկ քայլ չի կատարել: «Հնարավոր է՝ Ռուսաստանի համար ամեն ինչ շուտով կավարտվի, եւ ԵՄ-ի տեղը կգրավի Չինաստանը, սակայն առայժմ, համենայնդեպս վիճակագրությամբ, սա դեռեւս Եվրոպական միությունն է»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ եթե Մոսկվան ինքը ԵՄ-ի հետ առեւտրային հարաբերություններ ունի, ապա չի կարող հետխորհրդային տարածքի մյուս երկրներին արգելել նույն քայլին դիմել: Միակ բանը, որի դեմ Կրեմլը կարող է բավականին խիստ հանդես գալ, Ռարի կարծիքով, Հայաստանի եւ ԵՄ-ի ռազմական միությունն է, բայց ոչ մի ձեւով դեմ չէ տնտեսական միությանը:

Փորձագետը դրա հետ մեկտեղ նշեց, որ Ռուսաստանը ոչ միայն դեմ չէ, այլեւ ընդհանուր առմամբ շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ Եվրամիության միջեւ համագործակցությամբ, քանի որ դա կնպաստի ԵՄ-ԵՏՄ գործընկերային հարաբերությունների ստեղծմանը, ինչի շնորհիվ հնարավորություն կստեղծվի շփման եզրեր գտնել շատ հրատապ հարցերի լուծման համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանը եւ Եվրամիությունը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում: