Հունաստանի հյուսիսում այս գիշեր չորս ապօրինի միգրանտ է զոհվել, երբ ոստիկանության հետապնդումներից հետո նրանց մեքենան անդունդն է ընկել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Աթենքի լրատվական գործակալություններից մեկին։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Նեա Պերամոս քաղաքի մերձակայքի Կավալա–Սալոնիկ ճանապարհին։

Միգրանտներին տեղափոխող մեքենայի վարորդը ոստիկանության պահանջով կանգ չի առել եւ փորձել է թաքնվել։ Բարձր արագությամբ նա փորձել է անցնել հողային ճանապարհը, բայց անդունդն է ընկել։

Զոհվել է 4 մարդ, ծանր վիճակում 1 մարդ եւ թեթեւ վնասվածքներով եւս 4 մարդ  հոսպիտալացվել են, հաղորդում է գործակալությունը։

Մեքենայում, ընդհանուր առմամբ, եղել է 9 մարդ, որից 8-ը՝ ապօրինի միգրանտներ, եւ նրանց տեղափոխող վարորդը։ Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ տեղափոխողը նույնպես միգրանտ էր, նա ժամանակավոր կացարան է խնդրել եւ ստացել։ Ավտոմեքենան պատկանել է Պակիստանի քաղաքացիություն ունեցող Աթենքի բնակչի։