Անցնող տարին միջազգային իրադարձությունների առումով Հայաստանի համար բավական հագեցած էր։ Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում զգալիորեն ամրապնդվել են։

Այս առումով, Շարմազանովը նշեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն՝ ընդգծելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների աստրախանյան հանդիպման, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Աստանայում արված հնգակողմ հայտարարության կարեւորությունը։ «Կարեւոր է, որ Աստանայի հայտարարության մեջ նշվեց Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աներերության մասին, հայտարարության մեջ առաջին անգամ նշվեց ՄԱԿ-ի կանոնադրության մասին»,- ասաց նա:

Շարմազանովի կարծիքով, ձեռքբերում է նաեւ այն, որ 4 ամիսների ընթացքում Ադրբեջանը երկու անգամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայից հետ կանչեց այսպես կոչված «օկուպացված» տարածքների մասին բանաձեւը։

Նա անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ Հայաստանը մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն է հայտնել առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները։ «Մենք որեւէ մեկին թույլ չենք տա Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսել»,- ասաց նա։