«Նոր տարին Երեւանում 2018» միջոցառումների ծրագիրն այս տարի կմեկնարկի մի փոքր շուտ՝ դեկտեմբերի 8-ից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Նրա խոսքով, դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Ձմռան ամիսներին ամեն օր կգործի նաեւ Իրինա Ռոդնինայի սահադաշտը:

Ամանորի հիմնական միջոցառումների հետ կապված Արամ Սուքիասյանը նշեց, որ դրանք  կմեկնարկեն դեկտեմբերի 19-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի եւ մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ:

Երեւանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաեւ զբոսաշրջիկների համար հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ՝ Հանրապետության հրապարակում, կազմակերպվելու է «Նոր տարվա գիշերը» ծրագիրը: Միջոցառումը կուղեկցվի դիսկոտեկով, իսկ ուղիղ կեսգիշերին Նոր տարվա գալուստը կազդարարի  տոնական հրավառությունը:

«Այս տարի տոնական հիմնական միջոցառումներն ունեն մի շարք առանձնահատկություններ եւ նորամուծություններ: Մեր համաքաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքի հյուրերի համար այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներով հագեցած կլինեն նաեւ հունվարի 1-ը, 2-ը եւ 3-ը: Ազատության հրապարակում երիտասարդների, մեծերի ու մանուկների համար նախատեսված է հետաքրքիր ծրագիր: Այս տարի տոնական երթուղով կաշխատի «Երեւան Սիթի Տուր» ծրագիրը: Այն կգործի դեկտեմբերի 20-ից՝ Հանրապետության հրապարակից», - նշել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ որոշակի նոր լուծումներ են սպասում նաեւ տոնական ձեւավորման մեջ:

Հունվարի 6-ը՝ տոնական օրացույցում եւս կառանձնանա: «Սուրբ Ծնունդը Երեւանում» Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կնշվի տոնածիսական համերգային ծրագրով:  Նշվել է, որ տոնական բացօթյա միջոցառումներ կանցկացվեն նաեւ վարչական բոլոր շրջանների կենտրոնական հատվածներում:

Մայրաքաղաքում Ամանորի միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին:

Հունվարի 2-7-ը՝ ժամը 11:00-17:00-ը, այցելուների համար բաց կլինեն նաեւ երեւանյան թանգարանները՝ այդ թվում Երեւան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաեւ նախաձեռնությանը միացած ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության բազմաթիվ թանգարաններ:

Տոնական միջոցառումների ծրագրերի մասին բնակչությանն իրազեկելու նպատակով տպագրված տեղեկատվական բուկլետում, որի օրինակները կբաժանվեն մայրաքաղաքի բնակչությանը, այս տարի եւս ներառված է «Օգտակար տեղեկություններ» բաժինը, որտեղ հատկապես մայրաքաղաքի հյուրերի համար ներկայացված է հունվարի 1-ից գործող սննդի եւ ժամանցի մի շարք վայրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:

Միջոցառումների ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բաղադրիչին, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին կցուցաբերվի համապատասխան աջակցություն:

«Երեւանի քաղաքապետարանի կողմից տարվա ընթացքում իրականացվող տոնական ծրագրերը մշտապես ուղեկցվում են սոցիալական բաղադրիչով: Ամանորին ընդառաջ սոցիալական որոշակի խմբերի 23 հազար ընտանիքի կտրամադրվեն պարենային փաթեթներ: Մայրաքաղաքի շուրջ 40 հազար երեխաների համար էլ պատրաստվել են նվերների փաթեթներ: Բացի այդ, «Նոր տարին Երեւանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում 4000 երեխա հնարավորություն կունենա անվճար այցելելու թատրոններ եւ դիտելու ամանորյա ներկայացումներ», - տեղեկացրել է Արամ Սուքիասյանը: