Beeline-ը եւ Վորլդ Վիժն Հայաստանն, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ամփոփել են «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը:
Մոտ մեկ տարի տեւած ծրագրի շրջանակներում կազմակերպվել է 30 դասընթաց Երեւանի, Թալինի եւ Կապանի 600 դպրոցականի համար: Կազմակերպված դասընթացների ընթացքում երեխաներն ու նրանց ծնողները/խնամակալները ձեռք բերեցին ինտերնետից անվտանգ օգտվելու վերաբերյալ կարեւոր գիտելիքներ եւ հմտություններ:
«Այսօր առցանց անվտանգության խնդիրն իսկապես հրատապ է ամբողջ աշխարհում: Ուրախ եմ, որ դասընթացին մասնակցած երեխաներն ու նրանց հարազատներն արդեն լավագույնս տիրապետում են համացանցից ճիշտ օգտվելու կանոններին եւ կարող են խուսափել վտանգներից: Վորլդ Վիժն Հայաստանը կարեւորում է Beeline-ի հետ ունեցած այս համագործակցությունը, որը թույլ է տալիս այդքան կարեւոր գիտեքլիներ փոխանցել համայնքներում ապրող մեր երեխաներին»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
«Մեզ համար ուրախալի է գիտակցել, որ Հայաստանում մարդիկ, հատկապես երիտասարդները, սովորում են օգտվել համացանցից, դրա օգնությամբ լուծել իրենց ամենօրյա խնդիրները եւ այդ ամենն անել ապահով կերպով։ Լինելով ինտերնետի մատակարար, մենք շահագրգռված ենք, որ ապահովված լինի մարդկանց անվտանգությունը համացանցում, իսկ դա անելու լավագույն միջոցն ուսուցումն է», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ամփոփիչ միջոցառման ընթացքում նաեւ տեղի ունեցավ «Անվտանգ համացանց» խորագրով պաստառների ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին դասընթացներին մասնակցած Երեւանի եւ Թալինի դպրոցների աշակերտների աշխատանքները: Միջոցառման վերջում կազմակերպվեց «Անվտանգ համացանց» խորագրով վիկտորինա` դասընթացներին մասնակցած աշակերտների, ուսուցիչների, ինչպես նաեւ ծնողների մասնակցությամբ:



























