2011-ին  հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայում կմղվեն 2-րդ պլան՝ որոշակի հանգամանքներից ելնելով: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«2011-ի սկզբին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանալու, հետեւաբար՝ «հայ-թուրքականում» որոշակի դադար կնկատվի, սակայն քայլեր, այնուամենայնիվ, կձեռնարկվեն ապրիլի 24-ի նախօրեին»,-կարծիք հայտնեց նա:

Թուրքագետի խոսքով՝ Ցեղասպանության թեմայի շոշափման  հարցում ակտիվացում կարելի է ակնկալել 2011-ի երկրորդ կեսին՝ երբ կավարտվեն խորհրդարանական ընտրությունները, սակայն վստահորեն ասել, որ հենց այդպես էլ կլինի, չի կարելի, որովհետեւ հնարավոր է կայանան չնախատեսված նախագահական ընտրություններ:

«Եթե Թուրքիայի խորհրդարանն ընդունի նոր սահմանադրությունը, ապա վերջինս ենթադրում է նախագահի ընտրությունների այլ կարգ»,- նշեց նա՝ հավելելով, որ արտահերթ նախագահական ըտնտրությունները եւս կխոչնդոտեն հայ-թուրքական խնդիրների արծարծմանը:

Ռ. Մելքոնյանի ներկայացմամբ, ամեն դեպքում, թուրքական իշխանությունները կրկին կփորձեն միջազգային հանրության աչքերին թոզ փչելու քաղաքականությունը առաջ տանել.  «Այս համատեքստում էլ թուրքական կողմից անպայման սպասելի են որոշակի անկանխատեսելի քայլեր»,-հավելեց թուրքագետը: