Բրիտանական գերձայնային Bloodhound Supersonic Car (Bloodhound SSC) ավտոմեքենայի հեղինակները ծրագրում են 2018-ի աշնանը նախաձեռնել փորձարկումների երկրորդ փուլը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Առաջիկա փորձարկման ժամանակ բոլիդը պետք է հասնի ժամում 500 մղոնի (805 կմ/ժ):  Փորձարկումը կանցկացվի ՀԱՀ-ի Հեքսին Փեն ցամաքող լճի 18 կմ-անոց հարթ աղուտ հատակին:

Արագության նշված ցուցանիշին հասնելու համար ավտոմեքենան կհագեցվի ալյումինից նոր անվասկավառակներով, որոնք կարող են րոպեում 10,2 հազար պտույտ կատարել: Փորձագետները նշում են, որ այս փորձարկումը չափազանց վտանգավոր է, քանի որ բոլիդը նվազագոյն կայունություն ունի հատկապես ժամում 400-ից մինչեւ 500 մղոն ընթանալու դեպքում, երբ գետնի հետ շփումն արդեն նրա արագության զարգացման համար որոշիչ գործոն չէ:

Եթե փորձարկումները հաջողությամբ ավարտվեն, ապա 2019-ին ՀԱՀ-ի նույն լճի վարժարանում Bloodhound SSC-ը կձգտի արագության նոր ռեկորդ սահմանել՝ հաղթահարելով 800 մղոնի նիշը (1287 կմ/ժ): Հաշվի առնելով, որ բոլիդի ղեկին է լինելու աշխարհի ռեկորդակիր, Մեծ Բրիտանիայի թագավորական էսկադրիլիայի հրամանատար Էնդի Գրինը, ապա նա հնարավորություն կունենա գերազանցել սեփական եւ առայժմ ոչ մեկի կողմից չգերազանցված 20-ամյա վաղեմության ռեկորդը: 1997 թվականի հոկտեմբերին ԱՄՆ Բլեք Ռոք անապատում Գրինին հաջողվել էր Thrust SSC բոլիդով զարգացնել ժամում մինչեւ 763 մղոն (1228 կմ/ժ) արագություն եւ հաղթահարել ձայնային պատնեշը: