Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողություն է տեղի ունեցել: NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը եւս ներկա է գտնվել:
Այս խմբաքանակը ներառում է 11 միավոր “Газель” մակնիշի առաջին օգնության փրկարարական մեքենա: Դրանցից 5-ը՝ АПП 035 (автомобиль первой помощи), ունի շուրջ 500 լիտր տարողությամբ ջրային եւ փրփուրային բակ, կահավորված է ճանապարհատրանսպորտային պատահարներին եւ կենցաղային կանչերին արձագանքելու համար անհրաժեշտ փրկարարական տեխնիկայով եւ սարքավորումներով: Մյուս 6 միավորը՝ АПП 02, ունի շուրջ 250 լիտր տարողությամբ ջրային ու փրփուրային բակ եւ նախատեսված է տարբեր իրավիճակներում փրկարարական աշխատանքներ կատարելու համար: Այս մեքենանները նախորդների նման կահավորված են հատուկ փրկարարական տեխնիկայով եւ սարքավորումներով՝ փրկարարական սղոց, հիդրավլիկ աքցան ու մկրատ, հոսանքի գեներատորներ, պոմպեր եւ այլն՝ քաղաքային պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարներին եւ կենցաղային նշանակության կանչերին արձագանքելու համար: Մեքենաները կարող են տեղափոխել 6-7 հոգանոց անձնակազմ:
Այս խմբաքանակի գույքը՝ 11 միավոր փրկարարական մեքենաները, կհատկացվեն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքային տարբեր ստորաբաժանումների՝ մասնավորապես հանրապետության մեծ քաղաքներին՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։
Նշենք, որ համաձայն ՀՀ եւ ՌԴ միջեւ ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:




























