Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով 24 տարվա ազատազրկման դատապարտված Գեւորգ Զոհրաբյանը պահանջում է իրեն անպարտ ճանաչել: Նա դիմել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջով բեկանել Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ արդարացնել իրեն՝ ճանաչել եւ հռչակել իր անմեղությունը կամ քրեական գործը վերադարձնել նույն դատարան ըստ էության նոր քննության:

Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը մեղավոր էր ճանաչել Գեւորգ Զոհրաբյանին եւ դատապարտել 24 տարվա ազատազրկման ու 1 միլիոն դրամ տուգանքի, իսկ ամբաստանյալներից Արթուր Միհրանյանին՝ 22 տարվա ազատազրկման եւ 1 միլիոն դրամ տուգանքի:

Մեղադրողը երկու ամբաստանյալների համար էլ պահանջել էր ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Աղթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել: