Հայաստանի կաթոլիկ եկեղեցին այսօր` դեկտեմբերի 24-ին, նշում է Սուրբ Ծնունդը:

 NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի կաթոլիկ եկեղեցու սպասավոր Տեր Կոմիտաս քահանա Զավեյանը նշեց, որ այսօր կաթոլիկ եկեղեցին նույն արարողություններն է կատարում, ինչ Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին:

«Ճրագալույցի ժամերգություն է լինելու, որի ժամանակ ընթերցվածքներ ենք կարդալու, հին  կտակարանյան մարգարեությունները, որից հետո կաթոլիկները մոմեր են տանելու տուն, առավոտյան էլ անցկացրել ենք կիսաձայնավոր պատարագ»,-ասա նա` նշելով, որ պատարագին կաթոլիկ եկեղեցու մոտ հարյուր հետեւորդ է մասնակցել:

Նա նշեց, որ կաթոլիկների եւ առաքելական եկեղեցու հետեւորդների միակ տարբերությունն այն է, որ առաքելական եկեղեցին Էջմիածնին է հետեւում, իսկ կաթոլիկները` Հռոմին:

Տեր Կոմիտաս քահանա Զավեյանը հավելեց, որ հունվարի 6-ին նույնպես կանցկացնեն Սուրբ Ծննդյան միջոցառումները:

Գրիգորյան օրացույցով Սուրբ Ծնունդը, որը Հուլյան օրացույցից 14 օր առաջ է նշվում, դեկտեմբերի 24-ին ամբողջ աշխարհում միլիոնավոր քրիստոնյաներ են տոնում՝ կաթոլիկներ, բողոքական մի քանի դավանանքներ, ինչպես նաեւ բողոքականներ: Դեկտեմբերի 24-ը Կաթոլիկ եկեղեցու միլիոնավոր հետեւորդների եւ բողոքական համայնքների համար Հիսուս Քրիստոսի աշխարհ գալուն ընդառաջ ճրագալույցով է սկսվում: Կաթոլիկները բազմօրյա պաս չեն պահում, սակայն պարտավոր են սպասման 4 կիրակիներին տոնին պատրաստվել ապաշխարանքով, հաղորդությամբ, իր հոգեւոր կյանքի հանդեպ մեծ կենտրոնացվածությամբ: